Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12.00, Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարեկարգել է հուշահամալիրը, հարակից պուրակը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը եւ Կապանի քաղաքապետարանը։

Բարեկարգման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն համապատասխան մասնագետները, այլեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ։