Հայաստանի Սահմանադրական դատարանը 10-րդ ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիմումը քննարկելու է մարտի 5-ին: Այն քննվելու է բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, 10-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին դիմել է ՍԴ` այդ ընտրությունները չեղյալ համարելու պահանջով` ներկայացնելով բոլոր ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ իր վստահված անձանց արձանագրությունները, տեսագրություններն ու այլ նյութեր:

Ըստ 10-րդ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման, այդ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ 6850 ձայնով, իսկ Նիկոլ Փաշինյանը երկրորդն է եղել` 4650 ձայնով: Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ստացել է 288 ձայն։