Ամերիկյան զորամասերը կլքեն Իրաքը մինչեւ այս տարվա օգոստոս: Այդ մասին Կոնգրեսին «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձում հունվարի 27-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկյան նախագահի խոսքով, ԱՄՆ շարունակելու է համագործակցությունը Իրաքի ժողովրդի հետ՝ տարածաշրջանային խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար: Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցություն են ցուցաբերելու իրաքյան կառավարությանը այն չափով, ինչքանով նա պատրաստվում է ընտրություններին: «Պատերազմն ավարտվել է, եւ մեր զորքերը վերադառնում են տուն»,- Օբամայի խոսքերն է մեջբերել CNN-ը:
Նա հիշեցրել է, որ դեռ նախընտրական արշավի ժամանակ խոստացել է ավարտել պատերազմն Իրաքում. «Հենց դա էլ անում եմ որպես նախագահ»: Նախագահի խոսքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Աֆղանստանում պատերազմին, որին մասնակցում են ամերիկյան զինծառայողները. «Մեզ բարդ օրեր են սպասում, բայց վստահ եմ, որ գլուխ կհանենք»: Նա նշել է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման սկիզբը լինելու է 2011թ. հուլիսը:




























