Հայաստանի քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռեւս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաեւ այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաեւ Հանրային Խորհուրդ եւ նախաձեռնությանը: «Նա մեզ տրամադրել է դեռեւս 2012թ. օգոստոսին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում իր կողմից կատարված լուսանկարները, որոնք նրա կողմից դեռեւս երեք ամիս առաջ ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ոլորտի աշխատակիցներին: Այս լուսանկարներում ակնհայտ երեւում են բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի հետ անհամատեղելի աշխատանքները, ինչի հետեւանքով էական վնաս են հասցվում եւ արդեն իսկ հասցրել են շրջակա միջավայրին, ինչպես նաեւ խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը եւ էկոհամակարգը:
Մեր կարծիքով ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի եւ բնության հուշարձանի պահպանման ռեժիմները: Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետեւանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները:
Այս խնդրի վերաբերյալ մեր նախաձեռնությունը այսօր հարցումով դիմել է բնապահպանության նախարարին համապատասխան պարզաբանումներ եւ փաստաթղթեր ստանալու նպատակով, որոնք ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք հանրությունը»,- նշել են բնապահպանները:




























