Հունվարի 24-ին Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները՝ արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի հետ, այցելել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող հայկական եկեղեցու համալիրը։ Այս մասին գրում է Կիպրոսի հայկական համայնքի Gibrahayer պարբերականը։ Հետաքրքական է, որ մայրաքաղաքի այդ հատվածը գրավված է թուրքական զինված ուժերի կողմից։

Պարբերականը հաղորդում է, որ համալիրն իր մեջ ներառում է միջնադարյան Սուրբ Աստվածածնի եկեղեցին, Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը, հոգեւորականների կեցարանը, դպրոց եւ մանկապարտեզ։

Պատվիրակության այցելության նպատակն էր ծանոթանալ համալիրի վերանորոգման աշխատանքներին։

Վերականգման ծրագիրը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին, իսկ պայմանագիր կնքվել է EMEK կազմակերպության հետ։ Վերականգնողական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։