Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել է գազային հարցերին ու ղարաբաղյան հակամարտությանը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ շաղկապելուն՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է. «Տարածաշրջանում խնդրի ընդհանուր գիտակցում կա այն իմաստով, որ Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի՝ „օկուպացված“ տարածքների վերադարձման ուղղությամբ»: Ալիեւը նշել է, որ հարցին նման կերպ է մոտենում նաեւ Թուրքիան:

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանը, ավելի շուտ, կսառեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ, «եթե երկու հարցերը դիտարկվեն մեկ համատեքստում»: Համաձայն պարբերականի՝ Ալիեւը վստահ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրություններն այնքան ժամանակ, քանի Հայաստանը չի վերադարձրել «օկուպացված» տարածքները:

Ինչ վերաբերում է նավթի եւ գազի պաշարներին, Ալիեւը հայտարարել է, թե «Ադրբեջանը կարող է արտահանել չորս ուղղություններով Թուրքիա, Վրաստան Իրան եւ Ռուսաստան»: Խոսելով Nabucco նախագծի ձգձգան մասին՝ Ալիեւը հայտարարել է. «Գազպրոմը» տեղեկացրել է, որ պատրաստ է գնել այնքան գազ, որքան մենք կարող ենք առաքել":