Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կողմերը մոտենում են այնպիսի փուլի, երբ հարցն ավելի ու ավելի բարդ է դառնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, որը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Համաձայն աղբյուրի՝ Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վավերացման ենթակա փաստաթղթերը, միաժամանակ ներկայումս փաստաթղթեր է պատրաստում, որոնք նախագահին թույլ են տալիս հետ կանչել համաձայնագրերի տակ դրված ստորագրությունները:
«Եթե նման հնարավորությունը բաց թողնվի, դա ողջ տարածաշրջանը ետ կշպրտի, եւ ոչ թե այնտեղ, որտեղից սկսել ենք, այլ զգալիորեն ավելի հեռու»,- հայտարարել է Սարգսյանը: Նա հավելել է, որ այդ իմաստով երկու կողմերի միջեւ վստահությունը կփլուզվի:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, The Wall Street Journal-ը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքը: Վերջինս կրկին շաղկապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ղարաբաղյան կարգավորումը՝ հայտարարելով, որ «տարածաշրջանում խնդրի ընդհանուր գիտակցում կա այն իմաստով, որ Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի՝ „օկուպացված“ տարածքների վերադարձման ուղղությամբ»: Ալիեւը նշել է, որ հարցին նման կերպ է մոտենում նաեւ Թուրքիան:
Համաձայն պարբերականի՝ Ալիեւը վստահ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրություններն այնքան ժամանակ, քանի Հայաստանը չի վերադարձրել «օկուպացված» տարածքները:




























