«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետին պարզ հասկացնել տվեց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ԼՂ խնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ»,- Day.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն ու հավելել. «Եթե այդ մասին ասում է Վաշինգթոնը, դա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները նույնպես չեն պաշտպանում Անկարայի այդ պայմանը»:

Նրա ներկայացմամբ, Ադրբեջանի համար շատ անհաջող են ընտրված Մինսկի խմբի համանախագահող երկրները, քանի որ երեք երկրներում էլ հզոր հայկական Սփյուռք գոյություն ունի: «Դժվար է պատկերացնել արեւմտյան կառավարություններին, որոնք կանտեսեն հայ ընտրողների շահերը, հատկապես, որ վերջիններս կարեւոր դեր են խաղում այդ երկրների սոցիալ-տնտեսական կյանքում: Այս ամենը հաշվի առնելով, ակնհայտ է, որ ԼՂ խնդրի խաղաղ լուծման հեռանկար, փաստորեն, չկա: Այս վիճակում Ադրբեջանը ստիպված է բանակցություններ վարել, քանի որ մենք ենթարկվում ենք ուժեղ արտաքին ճնշման»:

Ալիզադեն նաեւ նշել է, որ ներկա վիճակով հարցի լուծումը ձգձգելը հանգեցնում է նրան, որ հակամարտությունը դառնալու է «հավերժ»:

«Ադրբեջանի համար ծայրահեղ վտանգավոր է համաձայնել, որ հակամարտության գոտի մտնեն խաղաղապահ ուժեր: Նման գործողություններ արդեն կատարվել են Կոսովոյում եւ Վրաստանում եւ մենք հիանալի գիտենք, թե դրանք ինչի են հանգեցրել: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր հողերը վերադարձնելու միակ ճանապարհը ռազմականն է եւ դրա համար ադրբեջանական բանակը պետք է դառնա պրոֆեսիոնալ»,- նշել է քաղաքագետը: