Իրանը պաշտոնապես ներողություն է խնդրել Մոսկվայից այն բանի համար, որ ռուսական ՍՈՒ-27 կործանիչը, որը թռչելիս է եղել դեպի Բահրեյն՝ այնտեղ ռազմական ցուցահանդեսի մասնակցելու համար, չի կարողացել պայմանավորված ժամկետում հատել Իրանի օդային տարածքը: Այս մասին հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:

Ռուսական ՍՈՒ-27-ը պետք է հունվարի 19-ին ժամաներ Բահրեյն` մասնակցելու միջազգային ավիացիոն Bahrain International Airshow ցուցահանդեսին: Ինքնաթիռը պետք է հատեր Իրանի օդային տարածքը, սակայն Թեհրանը դա թույլ չի տվել: Միջադեպը հարթելու համար միջամտել են երկու երկրների դիվանագիտական ծառայությունները եւ հաջորդ օրը` հունվարի 20-ին ՍՈՒ-27-ը կարողացել է իրականացնել իր թռիչքը:

«Դա տեխնիկական թյուրիմացություն է եղել: Ցամաքային ծառայությունները թույլտվություն չեն ստացել Իրանի համապատասխան ծառայություններից: Իրավիճակը հարթվելուց հետո մենք ստացել ենք իրանական կողմի պաշտոնական ներողությունը»,- ասել է Իսայկինը: