Եվրոպական արժույթային միության համար մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե Հունաստանը, այլ Իսպանիան: Այս մասին շվեյցարական Դավոս քաղաքում ընթացող 40-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում նշել է ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով, անդրադառնալով Եվրագոտու անդամ երկրներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ առաջացած խնդիրներին, նշել է, որ Եվրագոտու ապագայի վերաբերյալ երբեք նման հոռետեսական սպասումներ չեն եղել, ինչպիսիք որ ձեւավորվել են ներկայումս:
«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ Ռոբինին նշել է, որ առաջիկա տարիներին Եվրոպական արժույթային միության փլուզման ռիսկը բավականին մեծ է, ընդ որում Եվրոգոտու համար մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե Հունաստանը, որը ներկայումս կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ, այլ Իսպանիան` իր տնտեսությամբ Եվրամիության չորրորդ խոշոր պետությունը: Իսպանիայի վտանգավորությունը տնտեսագետը բացատրել է երկրում անընդմեջ աճող գործազրկությամբ եւ թույլ բանկային համակարգով:
Նուրիել Ռուբինին նշել է նաեւ, որ Հունաստանի սննկացումը Եվրամիության համար կլինի խնդրահարույց, Իսպանիայի սնանկացումը` աղետալի:




























