«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից:
«Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն»:
«Պատվիրակության մոտ շփոթմունք եւ մտահոգություններ առաջացրին կուսակցության առաջնորդի՝ ծայրահեղ բարեկեցիկ օլիգարխի, անձնական ունեցվածքի եւ շահերի նույնականությունն իր իսկ հիմնադրամի եւ կուսակցության ունեցվածքի եւ շահերի հետ»:
«Պոպուլիստական կեցվածք որդեգրելով եւ քաղաքացիներին մասնավոր ու անըմբռնելի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով (որը բարեգործության եւ ընտրակաշառքի միջեւ ինչ-որ տեղ է)՝ «Բարգավաճ Հայաստանը» դարձել է ամուր քաղաքական ուժ»:
«Ավելին, քանի որ այս կուսակցությունում ամեն ինչ թվում է իր առաջնորդից կախված, ներքին քննարկումների կամ ներկուսակցական ժողովրդավարության նշույլներ հնարավոր չեղավ բացահայտել»:
«Կուսակցության առաջնորդը թվաց մտահոգ եւ ներգրավված իր գործնական աշխատանքում, սակայն նրա դիրքորոշումները միջազգային հարաբերությունների եւ ներկա քաղաքական խնդիրների վերաբերյալ բավականին թույլ էին»:
««Բարգավաճ Հայաստանը» բավականին արհեստական տպավորություն թողեց»:
Սրանք բառացի մեջբերումներ են եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից, որը նրանք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու այդ հայտը նման ճակատագրի արժանացավ: Մեր տրամադրության տակ հայտնված հաշվետվության մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»,- գրում է թերթը:




























