Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, երեկ շարունակվել է Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի  նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատական նիստը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել են նախնական դատական նիստերը եւ այսօրվա դատաքննության ժամանակ, ինչպես ինքը ներկայացրել է հայցը, այն է՝ վերականգնել Ս. Զոլյանին ռեկտորի պաշտոնում, վճարել չվճարված պարապուրդի գումարները, ինչպես նաեւ անվավեր ճանաչել կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի՝ իր վստահորդին աշխատանքից ազատելու հրամանը:

Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել իրենց առարկություններով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Սուրեն Զոլյանը դեռեւս հանրապետությունում չէ եւ, բնականաբար, չի կարողացել մասնակցել դատական նիստին»,- գրում է «Առավոտը»։