Լոնդոնում Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Խոսակցության թեման եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված արձանագրություննների հետ:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` հանդիպումը տեւել է մոտ 15 րոպե: Դավութօղլուն կրկին հայտնել է իր հայ գործընկերոջը, որ ՍԴ-ի որոշումը նոր խնդիրներ է առաջ բերում: Հայաստանի արտգործնախարարը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ գործընթացում փոփոխություններ չեն եղել: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել, օրինակ՝ այս շաբաթվա վերջին Մյունխենում կայանալիք անվտանգության վեհաժողովում: Նրանք արձանագրել են, որ թեեւ այս հանդիպումը չի փոփոխել կողմերի դիրքորոշումները, այդուհանդերձ, այն օգտակար է եղել:

Նույն օրը փոքր ինչ ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ` հանդիպմանը Դավութօղլուն ներկայացրել է Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված անհարթությունը, իսկ Մամեդյարովը` մանրամասներ է հաղորդել Սոչիում տեղի ունեցած Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին եւ ծանոթացրել Ղարաբաղի խնդրի հետ կապված վերջին զարգացումներին:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն հունվարի 27-ին էլ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ կրկին քննարկել Հայաստանի ՍԴ որոշումը:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նախապատրաստում է իրավական փաստաթուղթ ընդդեմ Հայաստանի ՍԴ որոշման, որտեղ կետ առ կետ կներկայացվեն ՍԴ-ի որոշման եւ ստորագրված արձանագրությունների բովանդակության տարբերությունները: Թուրքական կողմին առավել վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը դրական էր գնահատել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` համարելով դա կարեւոր քայլ:

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը հաստատել է տեղեկությունը, որ Է. Նալբանդյանը «կարճատեւ զրույց» է ունեցել Ահմեդ Դավութօղլուի հետ: