ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները չպետք է զարգանան Ուկրաինայի հաշվին: Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կիեւում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ համատեղ կազմակերպած ասուլիսում: «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր հարաբերությունները չեն զարգանա Ուկրաինայի հաշվին: Ավելի շուտ հակառակը: Ես վստահ եմ, որ դա օգտակար կլինի Ուկրաինայի համար»,- ասել է Բայդենը:
Իր հերթին Վիկտոր Յուշչենկոն հույս է հայտնել, որ ԱՄՆ_Ռուսաստան հարաբերությունները կզարգանան կանխատեսելի ու արդյունավետ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ռազմավարական հարաբերությունները վերջին տարիներին հետեւողականորեն ամրապնդվում են: Յուշչենկոն հույս ունի, որ մի քանի օրից Ուկրաինան կսկսի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տարեկան ծրագրի իրագործումը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցումը իր երկրի ազգային անվտանգության առաջնահերթություններից է: Ի պատասխան, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցմանը, եթե ուկրաինացի ժողովուրդը նման ցանկություն հայտնի:
ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է նաեւ Ուկրաինայի քաղաքական ուժերի ղեկավարների, այդ թվում Յուլիա Տիմոշենկոյի եւ Վիկտոր Յանուկովիչի հետ:




























