ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` դեկտեմբերի 7-ին Սյունիքում մասնակցել է մարզպետարանի նիստին: Նիստում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզի համայնքներին եւ տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների համար նրան պարգեւատրել է Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն նիստում, ՀՀ գյուղատնտեսության նախարարն արժանացել է նաեւ Գորիսի պատվավոր քաղաքացու պարտավորեցնող կոչմանը:
Իր հերթին՝ Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել, դեռեւս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալը:
Ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները, մարզպետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է ներկայացրել նախորդ տարվա բնագծերը բոլոր առումներով գերազանցող ցուցանիշները, վերջինիս ուշադրությունը հրավիրելով նաեւ այն հիմնախնդիրների ու անելիքների վրա, որոնց լուծման գործում մարզն ակնկալում է ՀՀ կառավարության եւ, մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարի գործնական աջակցությունը:
Իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ վերջիններիս հիմքում կարեւորելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսական աջակցման ծրագրերը: «2013 թվականին նույնպես նշված ծրագրերը շարունակական են լինելու»,- խոստացել է նախարարը: Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն մյուս բաղադրիչին՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ծրագրին, Սերգո Կարապետյանը մասնավորապես ասել է. «Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմքն են: Միայն վերջիններիս շնորհիվ է հնարավոր այսօր լուծել գյուղատնտեսության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տեխնիկական վերազինման խնդիրը»: Համայքներում ստեղծվող կոոպերատիվների վերաբերյալ նախարարը նշել է, որ Սյունիքի մարզի 11 համայքներում արոտավայերրի բարելավման ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել են նման կոոպերատիվներ: ԾԻԳ-ի խնայողությունների հաշվին նոր տարում եւս երեք համայքներ կընդգրկվեն նշված ծրագրում, իսկ ծրագրի իրականացման երկրորդ փուլում նրանց կմիանան եւս 10 նոր համայնքներ:


























