Մինչեւ տարեվերջ Վրաստանի դպրոցների 75 տոկոսը ապահովված կլինի ինտերնետով։ NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը՝ «Microsoft» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Նախարարն ասել է, որ յուրաքանչյուր դպրոց կունենա իր վեբ-կայքը, որի ստեղծման աշխատանքներին կմասնակցեն դպրոցականները։ Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ դպրոցներում ինտերնետ ունենալը հաղորդակցման եւ փորձի ձեռքբերման լավագույն հնարավորությունը կտա ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին.

«Հատուկ մշակված ծրագրում նախատեսված են ինովացիոն մտածելակերպ դաստիարակելու մոտեցումներ»-նշել է նախարարը։

Վերջինիս խոսքով, ներկա պահին Վրաստանի 2171 դպրոցներ ունեն համակարգիչներ, սակայն ուսուցմանը չի տրամադրվում համապատասխան ուշադրություն, եւ այդ պատճառով ապագայում Վրաստանի նախագահի նախաձեռնությունը կիրականացվի փուլ առ փուլ։ «2011 թվականին բոլոր դպրոցները ինտերնետ կունենան»,-ընդգծել է նախարարը։