Թբիլիսիից հեռարձակվող ռուսալեզու «Կովկասյան առաջին» ալիքը նախօրեին անջատվել է Eutelsat ֆիրմային պատկանող ֆրանսիական արբանյակից։

Հունվարի 15-ից 28-ը ալիքն աշխատել է փորձնական սկզբունքով եւ անջատվել է ժամկետի սպառվելու պատճառով։

Ինչպես հայտնում է BBC Russia-ն, Փարիզում այժմ բանակցություններ են վարվում արբանյակային հեռարձակման պայմանների ուղղությամբ։ Ընդ որում, ալիքի գլխավոր տնօրենի կարծիքով, դրա՝ ֆրանսիական արբանյակից անջատումը եղել է ոչ առանց Ռուսաստանի օգնության։

Ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ «Կովկասյան առաջինի» հեռարձակման դադարեցման մասին շշուկները հայտնվել էին դեռեւս երեքշաբթի։ Eutelsat-ի ներկայացուցիչները հայտնել են թերթին, որ ալիքի հեռարձակման դադարեցումը պայմանավորված է ժամկետի լրանալով։

Հեռուստաալիքը ստեղծել էր Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ տարվա սկզբին։ Հիմնադիրները հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը «Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ Կովկասում ռուսական հանրապետություններին տեղեկատվություն հասցնելն է»։ Հեռուստաալիքը համացանցով սկսել է հեռարձակվել 2010 թ. հունվարի 5-ից, իսկ ամսի 15-ից՝ նաեւ արբանյակային հեռարձակմամբ։