ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, «Դաշինք» կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը քաղաքական ապագայի մասին չի մտածում: Համենայն դեպս, ինքն այդպես ասաց «Դե ֆակտո» ակումբում:
NEWS.am-ի տեղեկություններով, Բաբայանը Վարդան Օսկանյանի եւ մի շարք այլ գործիչների հետ միասին ակտիվորեն մասնակցում է Ռոբերտ Քոչարյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու գործընթացին: Բաբայանը հերքեց այդ պնդումները՝ նկատելով. «Քաղաքական ապագայի մասին չեմ մտածում: Քաղաքականության մեջ չեմ, որովհետեւ այդպես եմ որոշել: Ինձ կապել ինչ-որ մի քաղաքական ուժի հետ իմաստ չունի»: Այդուհանդերձ, Սամվել Բաբայանը չբացառեց իր վերադարձը ակտիվ քաղաքականություն: «Ցանկացած րոպե, կարող է հենց վաղը, պետք լինի՝ մտնեմ քաղաքականության մեջ եւ ակտիվանամ: Իսկ թե ինչ ուժի հետ, թողեք ես որոշեմ»,- նկատեց Բաբայանը:



























