Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցման վերականգնման խնդիրն այն բանից հետո, երբ կլուծվեն մի շարք տեխնիկական խնդիրներ: Այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մեր կողմից ոչ մի սկզբունքային խոչընդոտներ չկան շուրջօրյա օդային հաղորդակցությունը վերականգնելու համար: Անշուշտ, սա ենթադրում է մի շարք տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ ավիաընկերությունների չվացուցակների շուրջ նախնական համաձայնություն Ռուսաստանի եւ Վրաստանի օդային իշխանությունների միջեւ»,- հայտարարել է Նեստերենկոն:
Նրա խոսքով, պետք է նաեւ որոշվի վրացական փոխադրողի ռուսական օդային տարածքում աէրոնավիգացիոն ծառայության պարտքերի մարման կարգը:
«Եթե վրացական կողմը հետաքրքրված է, ապա մենք պատրաստ ենք համապատասխան բանակցություններ սկսել»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Դիվանագետը հիշեցրել է, որ վերջերս ռուսական կողմը բավարարել է վրացական ավիաընկերության խնդրանքը՝ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա օրերին մի շարք չարտերային չվերթներ իրականացնել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
«Ընդ որում, մենք համաձայնեցինք՝ ելնելով այդ հարցի մարդասիրական նշանակությունից, քանի որ այն առընչվում է մեծաթիվ քաղաքացիների շահերին»,- մեջբերում է Նեստերենկոյի խոսքերը «Интерфакс»-ը:




























