FIDH-ը, ՔՀԻ-ն եւ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն գնահատել են արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները եւ կարծում են, որ էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Նրանց կազմած ամփոփագրում նշված են հիմնականում վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ եւ վատ վերաբերմունք, քաղաքական բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն եւ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ:

«Արդարադատության իրականացումը Հայաստանում» ամփոփագրում կազմակերպությունները իրավունքների խախտման կոնկրետ օրինակներով ցույց են տալիս առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ են անում։

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված հանցագործությունների անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ»,– նշում են FIDH-ը, ՔՀԻ-ն եւ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել թե՛ ներպետական օրենսդրությունը եւ թե՛ պրակտիկան միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք դրսեւորել` այս ոլորտում կատարվող բոլոր չարաշահումների համար պատժելու հարցում` վերջ դնելով իրավունքների ոտնահարման դեպքում անպատժելիությանը»,– ասված է ամփոփագրում։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն եւ Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համոզված են, որ անկախ դատական համակարգ ձեւավորելու եւ օրենքի գերակայության ապահովմանն ուղղված քայլերն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման առումով։