Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը ԼՂՀ ակախության ճանաչումն է, որը կարգավորման գործընթացը կբերի նորմալ հուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Այնուհետեւ անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, նա կարծիք հայտնեց, որ այդ սկզբունքների կետերից միայն մեկն է, որ ռեալ է, այն է` ազատագրված տարածքների վերադարձը և Ադրբեջանի ժամանակավոր տեղահանվածների վերադարձը այդ տարածքներ: Պատգամավորի ներկայացմամբ, հիշյալ առաջարկներում հայկական կողմի համար հակակշիռ հանդիսացող կետեր չկան։ Նման հակակշիռ, ըստ նրա, կարող էր լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներն ու ճշգրիտ հարցադրումներն ամրագրելը, որը սակայն չկա: «Այս առումով մենք կարող ենք ունենալ լուրջ կորուստներ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, «Ժառանգության» ներկայացուցիչն ընդգծեց, որ այսօր Ադրբեջանը զգում է, որ ինքը պատրաստ է խնդրի ռազմական լուծման: «Մենք պետք է պատրաստ լինենք նաև ոչ դրական շրջադարձային պահերի։ Բոլոր պետություններն ու պետականությունները ձևավորվել են պատերազմի միջոցով»,- նշեց նա, հավելելով, որ այսօր Հայաստանը ավելի մոտ է կանգնած պատերազմին, քան խաղաղությանը:



























