Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս եւ Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նա իր ելույթում նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով եւ հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու եւ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:

Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները: