Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբրահամյանը շնորհավորել է նրան Երևանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Սկապինիի պաշտոնավարությունը կնպաստի երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Նա նաև հույս է հայտնել, որ Իտալիան կնպաստի Հայաստանի եվրոպական իղձերի իրականացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը` նպաստելով երկու երկրների գործարարների շփումներին: Վկայակոչելով տնտեսական փոխշահավետ համագործակցության արդեն արձանագրված հաջողությունները` նրանք համաձայնեցին, որ այդ բնագավառում անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի առկա մեծ ներուժը:
Նրանք նաև քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև շփումներն աշխուժացնելու հեռանկարները և մշակույթի բնագավառում համագործակցության ծրագրերը:



















