ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ շնորհակալություն է հայտնում սերտ համագործակցության համար:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, 2012 թ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել են ոստիկանության «բաց դռների օր»  միջոցառումների շարք: Բաց դռները նախատեսված էին դպրոցահասակ երեխաների համար եւ ուղղված էին բարձրացնելու նրանց իրազեկվածության աստիճանը ոստիկանության գործունեության նկատմամբ, ընդ որում՝ դրանք անցկացվեցին երեխաների համար հետաքրքրական ձեւով եւ մտերմիկ շրջապատում: Հատկանշական է, որ բացի գիտելիքներից, երեխաները ստացել են նաեւ բազմաթիվ նվերներ՝ դարձյալ ոստիկանության վերաբերյալ:

Բաց դռներին մասնակցել է, ընդհանուր առմամբ, 270 դպրոցական, եւ միջոցառումները շատ ջերմորեն են ընդունվել երեխաների, հանրության, լրագրողների եւ հենց ոստիկանների կողմից:  Գրասենյակի մեկ այլ նախաձեռնություններից էր ոստիկանության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կլոր սեղանների կազմակերպումը՝ ուղղված այս կառույցների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Կլոր սեղաններն անցկացվել են Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, եւ դրանց մասնակցել է ոստիկանության շուրջ 40 եւ լրատվամիջոցների 30 ներկայացուցիչ: Այս միջոցառումները եւս արժանացել են մասնակիցների դրական գնահատականին:

Առիթից օգտվելով` կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել ՀՀ ոստիկանության շտաբին եւ ոստիկանության մարզային բոլոր վարչություններին՝ սերտ համագործակցության եւ ծրագրին ցուցաբերած արհեստավարժ աջակցության համար: Ցանկանում եմ վերստին հայտնել գոհունակությունս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ձեւավորված արդյունավետ եւ շարունակական գործընկերության կապակցությամբ»: