Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը եւ կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» լավագույն փորձի օրինակների ժողովածուի վերաբերյալ: Ժողովածուն եւ դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ, Դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնից Էդեն Քոլը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները եւ այլ հարցեր: