ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կառավարությանը հանձնարարել է զենքի շրջանառության սահմանափակման մասին առաջարկ մշակել, ընդհուպ՝ կիսաավտոմատ զենքի վաճառքի արգելք:
Ավելի վաղ պետության ղեկավարը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ Կոնեկտիկուտի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգության կրկնությունից խուսափելու համար: Սակայն այն ժամանակ Օբաման զերծ էր մնացել զենքի մասին օրենքի խստացման մասին որեւէ հայտարարությունից, հայտնում է Washington Post-ը:
Միաժամանակ օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուն կողմ են արտահայտվել Սենատի բարձրաստիճան դեմոկրատները եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, իսկ Washington Post-ի հետ համատեղ ABC News-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի բնակչության 54%-ը կողմ է զենքի մասին օրենքի խստացմանը, գրում է gazeta.ru-ն:
Երկուշաբթի երեկոյան հրազենային զենքի շրջանառության վերաբերյալ նախագահից սահմանափակումներ պահանջող խնդրագրերի ստորագրությունների թիվը գերազանցել է 200 հազարը:
Սակայն շատ ամերիկացիներ էլ դեմ են զենքի մասին օրենքի խստացմանը: 22 հազար ստորագրություն հավաքած խնդրագրերից մեկի հեղինակները կոչ են անում «այդ ողբերգության օրերին աջակցել զենք ունեցողերին» եւ ընդգծում են, որ «պողպատի կտորն» ինքն իրեն չի սպանում, եւ որ ամերիկացիների զայրույթը պետք է ուղղված լինի համակարգչային դաժան խաղերի դեմ, որոնք խաղում էր Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում 26 մարդու սպանած 20-ամյա Ադամ Լանզան։
Եւս յոթ հազար մարդ «Հրազենային զենք յուրաքանչյուր դասարանում: Զինեք յուրաքանչյուր ուսուցչի եւ տնօրենի, որպեսզի նրանք հարձակման ժամանակ կարողանան պաշտպանել իրենց եւ իրենց աշակերտներին» խորագրով խնդրագիրն են ստորագրել:





























