Կալիֆոռնիայում 24-ամյա Կայլ Բանգայանին ձերբակալել են սոցցանցում Լոս Անջելեսի տարրական դպրոցների հասցեին սպառնալիքներ հրապարակելու համար: Նրա տնից ինը միավոր զենք են առգրավել, նաեւ՝ մի քանի հրացան:
AP-ը հայտնում է, որ Բանգայանին ձերբակալել են կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, այժմ նա մեկուսարանում է, թեեւ դատարանը նրան բաց թողելու համար 500 հազար դոլար գրավ է սահմանել:
ԱՄՆ-ի իրավապահները Կոնեկտիկուտի տարրական դպրոցի սպանդից հետո եւս մի քանի մարդու են ձերբակալել՝ շնորհիվ սոցցանցերի:
Այսպես դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը ձերբակալել էր Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի 18-ամյա բնակչին, ով գրել էր, թե այնքան է զզվել Կոնեկտիկուտի սպանդի մասին խոսակցություններից, որ պատրաստ է անձամբ երեխաներին գնդակահարել: Կոլամբիա քաղաքում (Թենեսի) եւս մարդկանց գնդակահարելու ցանկություն հայտնած դեռահասի են ձերբակալել:
Հիշեցնենք, նախօրեին Կոնեկտիկուտի Ռիջֆիլդ քաղաքի բոլոր դպրոցները փակվել էին այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ շրջակայքում զինված ինչ-որ տղամարդ է շրջում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան տանը սպանել էր մորը, հետո զինված գնացել էր Sandy Hook դպրոց, որտեղ դասավանդում էր մայրը: Այնտեղ նա սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի, ինչից հետո ինքնասպան էր եղել:





























