Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանները առգրավել են Ադամ Լանզայի համակարգիչը, ով Sandy Hook դպրոցում սպանդ էր կազմակերպել: Սակայն, ըստ իրավապահների, կոշտ սկավառակը, որում առկա տեղեկատվությունը կարող էր լույս սփռել հանցանքի դրդապատճառների վրա, խիստ վնասված է:
Լանզայի սենյակի համակարգիչը մուրճով կամ պտուտակահանով վնասած է եղել եւ, հավանաբար, նորոգման ենթակա չէ: Այնուամենայնիվ, ոստիկանությունում պնդում են, որ «որոշ ապացույցներ» են գտել», - ասել է Կոնեկտիկուտի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Վենսը, հայտնում է utro.ru-ն:
Քննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդվում: Վենսը նաեւ նշել է, որ դատական փորձաքննությունը կլինի երկար եւ քրտնաջան: Ըստ նրա՝ հանցանքի պատկերը կհստակեցվի դպրոցի աշխատակից երկու ականատեսների ցուցմունքներից հետո:
Հիշեցնենք, դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան տանը սպանել էր մորը, հետո զինված գնացել էր Sandy Hook դպրոց, որտեղ դասավանդում էր մայրը: Այնտեղ նա սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի, ինչից հետո ինքնասպան էր եղել:




























