Օրերս Լեռնային Ղարաբաղ է այցելել խորհրդային բանակի նախկին սպա, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Պոնոմարյովը, որը 1986-92թթ. ծառայել է այն ժամանակ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում:
Պոնոմարյովը հանդիպել է նախկին ծառայակիցների հետ, նաեւ ԼՂՀ կրթական հաստատություններում սովորող մի խումբ երիտասարդների: Նրա խոսքով, Ստեփանակերտում անցկացրած վեց տարիներն իրեն ստիպում են նորից ու նորից այցելել Ստեփանակերտ:
Թիվ 8 դպրոցքում անցկացրած խիզախության դասի ժամանակ Վլադիմիր Պոնոմարյովը նկատել է. «Ես այստեղ եմ ժամանել առաջին հերթին գիտական հարցեր լուծելու համար, զբաղվում եմ գիտությամբ, ավարտում եմ Լեռնային Ղարաբաղի եւ ցեղասպանության մասին դիսերտացիան: Ես պատահաբար չեմ ժամանել այս դպրոց, քանի որ այստեղ են սովորել իմ երեխաները: Նրանք արդեն մեծ են, եւ երբ գալիս էի, ինձ խնդրեցին այցելել հենց թիվ 8 դպրոցն ու տեսնել, թե ինչպիսին է այն հիմա: Ես համոզվեցի, որ մարդիկ այստեղ լավ են ապրում, ապահովված են»:
Պոնոմարյովը խոստացել է կրկին վերադառնալ ԼՂՀ, ուրախանալ հանրապետության հետագա զարգացմամբ:




























