Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հոկտեմբերի կեսերից սկսած ստանում են չեկեր՝ որպես AXA ապահովագրական ընկերության փոխհատուցում ցեղասպանության զոհերի այն ժառանգներին, որոնք 20-րդ դարի սկզբներին ապահովաագրական պոլիսներ են գնել այդ ընկերությունից:
Հատուցումների առաջին փուլն իրականացվել էր 2010 թ., երբ մոտ 1000 քաղաքացիներ 10 հազարական դոլարի չեկ ստացան: Ընդհանուր առմամբ՝ AXA-ն պարտավորվել էր վճարել 17,6 մլն դոլար, որից 11,35 մլն դոլարը բաժանվելու էր ցեղասպանության զոհերի ժառանգներին, իսկ մնացյալը՝ բարեգործական ընկերություններին եւ դատական ծախսերի համար էր նախատեսված: Հայաստանից փոխհատուցում ստանալու հայտ են ներկայացրել 13,8 հազ. մարդ:
Առաջին փուլից հետո մնացին չբաշխված գումարներ:
Այս տարվա հունիսին ԱՄՆ Լոս Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանը (դատավոր՝ Քրիստինա Սնայդեր), մեկ տարվա դատական գործընթացից հետո, որոշեց եւս 2,1 մլն դոլար հատկացնել ցեղասպանության զոհերի ժառանգներին: Բավարարում ստացան եւս 159 հայցվորներ, նրանց զգալի մասը՝ ՀՀ քաղաքացիներ, որոնց դիմումներն ընդունվել էին դեռ 2009 թ.: Հայկական կողմի շահերը դատարանում ներկայացրել են փաստաբաններ Մարկ Ջ. Գիրագոսը, Վարդգես Եղիայանը, Բրայան Քաբաթեքը եւ Ռոման Զիլբերֆելդը: Երկրորդ փուլում տրամադրվող չեկերի վրա նշված գումարը տարբեր է՝ 2-10 հազ. դոլար:
Ամերիկյան դատարանի որոշմամբ՝ բանկային չեկերը պետք է ստուգի եւ բաշխի Holthouse, Carlin and Van Tright հաշվապահական ընկերությունը: Այդ ընկերությունը նախ նամակ է ուղարկում այն հայցվորներին, որոնք պետք է փոխհատուցում ստանան: Նամակին պատասխանելու դեպքում՝ նրանք ուղարկում են լրացուցիչ հարցումներ (օրինակ՝ ճշտում են անձնագրի տըվյալները, քանի որ շատերը հայցը 2009 թ. ուղարկել են հին անձնագրի տվյալներով): Այնուհետ փոստով ուղարկվում է չեկ՝ «Ֆըրսթ Ռեփաբլիք Բանկի» հաշվեհամարով:
ՀՀ քաղաքացիները պետք է այդ չեկը ներկայացնեն որեւէ տեղական բանկի՝ կանխիկացման նպատակով: Սակայն հայաստանյան բանկերի մեծ մասը նման ծառայություն չի մատուցում: Մեր հարցումներով՝ միայն 3 բանկ պատրաստակամություն են հայտնում կանխիկացնել ամերիկյան բանկի չեկերը, սակայն այդ գործընթացը կարող է տեւել 1 կամ 1,5 ամիս, հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար:
Պատրաստեց՝ Սամվել Սվագյան





























