Սիրիայում ռուսաստանցիներին եւ մեկ իտալացու առեւանգողները փրկագին են ուզել, ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Դեկտեմբերի 17-ի երեկոյան Դամասկոսում ՌԴ դեսպանատնից ստացվող տեղեկատվության համաձայն, Սիրիայի արեւմուտքում Հոմս քաղաքից դեպի Տարտուս քաղաք ճանապարհին անհայտ անձինք առեւանգել են ՌԴ քաղաքացիներ Վ. Վ. Գորելովը եւ Աբդեսաթար Հասունը, ով նաեւ Սիրիայի քաղաքացիություն ունի: Նրանց հետ միասին առեւանգվել է նաեւ Իտալիայի քաղաքացի Մարիո Բելուոմոն»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ԱԳՆ փոխանցմամբ, բոլոր երեքն էլ պողպատաձուլական «Հմիշո եւ ընկ.» ընկերության աշխատակիցներ են եղել:

Առեւանգողներն զանգահարել են ընկերություն ու նրանց ազատության դիմաց փրկագին պահանջել:

«Դամասկոսում ՌԴ դեսպանատունը անմիջապես անհրաժեշտ ակտիվ գործողություններ է սկսել ձեռնարկել՝ սիրիական կողմի հետ միասին, որպեսզի հասնի առեւանգվածների շուտափույթ ազատմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Սիրիա այցելությունից: