Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու եւ Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաեւ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարեւոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը հայտնեց նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգեւոր գանձերին: