Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության եւ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:
Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16-ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ:
Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի եւ գործիքների ցուցադրությունը: Մասնակիցները կարեւորեցին հայ գրքի հայտնի տպագրական կենտրոններից մեկի պահպանումը եւ համալրումը նոր ցուցանմուշներով: Այդպիսով այն կդառնա հայ տպագրության յուրօրինակ թանգարան, հայկական մշակույթի կարեւոր անձնագիր, համահայկական նշանակալի գործի սկիզբ, այցեքարտ կղզի այցելողների համար:
Նախարարը բացման խոսքում գնահատեց մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում եւ նշեց, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ եւ աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները: Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ «Գասպար Եդեսացի» համույթի «Պայծառ Նաիրի» երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի երիտասարդները ներկայացրեցին հայ բանաստեղծների եւ երգահանների ստեղծագործությունները հայերենով:
ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն հայտնեց համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատեց որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ:
Դեկտեմբերի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցեցին հայ եւ այլազգի գիտնականներ, հայագետներ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը:
Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգեւոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, եւս մեկ անգամ արժեւորեց Հակոբ Մեղապարտի` հայ հոգեւոր եւ աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրեց հայ գրքի անցած ճամփան եւ նախանշեց բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները:
Ելույթներով հանդես եկան պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը եւ այլ հայտնի գիտնականներ:
Գիտաժողովով ավարտվեցին ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500 ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ:
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին:
Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է:





























