Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի գլխավոր մասնագետ Վաչե Փափազյանին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարարը համառոտակի անդրադարձավ Անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաստատված իրավիճակին եւ այն խնդիրներին ու հիմնահարցերին, որոնց լուծման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է նաեւ Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությունը: Ընդգծվեց հատկապես տնտեսությունների խոշորացման եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Վաչե Փափազյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների եւ Տարածքային կառավարման նախարարությունների հետ: Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է, եւ իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարեւոր սեկտորներով`
- Ոռոգման համակարգի բարելավում:
- Տարածքների կառավարում եւ զարգացում համայնքների միջոցով:
- Շուկայի ապահովածության որակի եւ նորմերի ուսումնասիրություններ:
«Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը եւ պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշեց նախարար Սերգո Կարապետյանն` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար:





























