Ամերիկյան CNN հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Լոս Անջելեսում ապրող, քաղաքացիություն չունեցող հայի մասին, ով չի կարողանում լքել Սամոա կղզին եւ տուն վերադառնալ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Միխայիլ Սեբաստյանը ծնվել է Ադրբեջանում, սակայն ստիպված է եղել փախչել այդ երկրից ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա փորձել է ապաստան գտնել Հայաստանում, բայց ի վերջո, հայտնվել է անկախ Թուրքմենստանում: Սեբաստյանը նույնասեռական, իսկ նույնասեռականությունն այդ երկրում անօրինականություն է համարվում:

Արդյունքում նա մեկնել է ԱՄՆ եւ նրան թույլ են տվել մնալ որպես «քաղաքացիություն չունեցող անձ»: Սակայն քանի որ նրա մոտ դեռեւս խորհրդային անձնագիր է եղել, նա չէր կարող լքել ԱՄՆ-ի սահմանները: Այդուհանդերձ, ճամփորդել սիրող Սեբաստյանը եղել է ԱՄՆ-ի տարբեր հատվածներում:

Նախորդ տարվա դեկտեմբերին նրան թույլ են տվել թռչել խաղաղօվկիանոսյան Սամոա կղզի, քանի որ այն ամերիկյան տարածք է: Այստեղից նա անցել է Արեւմտյան Սամոա, առանց իմանալու, որ դա առանձին եւ անկախ երկիր է:

ԱՄՆ-ի միգրացիոն եւ մաքսային օրենսդրությունը վերահսկող բյուրոն դա համարել է ինքնուրույն դեպորտացիա, ուստի Սեբաստյանը հայտնվել է ծուղակում եւ չի կարող վերադառնալ ԱՄՆ:

Միխայիլ Սեբաստյանի խոսքով, ինքը միայն մեկ երազանք ունի, Ծննդյան այս տոներն անցկացնել տանը՝ Լոս Անջելեսում: