Վրաստանում ԱՄՆ ռազմակայանների տեղակայումը վտանգավոր է ամերիկացիների համար: Նման կարծիք, ըստ «Ախալի Թաոբայի», հայտնել է ռազմական փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:

Ըստ նրա՝ Վրաստանն անկայուն երկիր է, որի տարածքի մի մասը օկուպացված է, եւ ամերիկացիներին ընդհարման մեջ ներքաշելու լուրջ վտանգ կա:

Տվյալ փաստը, ըստ փորձագետի, հրաշալի հասկանում են Վաշինգտոնում:

Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությանը՝ երկրի ենթակառուցվածքները Աֆղանստան զորքեր ուղարկելու համար օգտագործելու հնարավորության մասին, Սեսիաշվիլին հայտարարել է, թե նման որոշումները, որ վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը, պետք է ընդունվեն միայն հանրության կարծիքը հաշվի առնելով:

Փորձագետի կարծիքով, հակաահաբեկչական գործողություններում մասնակցությունը աճեցնում է վտանգները երկրի համար, որոնք չեզոքացնելը շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ անգամ գերտերությունները չեն կարողանում կանխել դա: «Սահակաշվիլին փորձում է Վրաստանում ԱՄՆ-ի համար պլացդարմ ստեղծել՝ հակադրվելով ռուսական ագրեսիային»,- նկատել է Սեսիաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին առաջարկել է օգտագործել Վրաստանի տարածքը, օդանավակայաններն ու նավահանգիստները՝ թալիբներին հարված հասցնելու համար: