Հնդկաստանում ուսանողուհուն բռնաբարել են հենց ավտոբուսում՝ սիրած տղայի եւ վարորդի աչքի առաջ։ Բժշկական բուհում սովորող 23-ամյա ուսանողուհին ու նրա երիտասարդ ընկերը դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան վերադառնում էին կինոյից։ Զույգը կանգնեցրել է մասնավոր ավտոբուս։ Նրա վարորդը համաձայնվել է տանել նրանց։ Այն փաստը, որ մեքենայի սրահում գտնվում էին նաեւ կասկածելի տեսքով մի քանի ուղեւորներ, չի շփոթեցրել սիրահարներին, հաղորդում է BBC News-ը։
Ուղեւրվելուց կարճ ժամանակ անց նրանք սկսել են անպարկեշտ խոսել, իսկ երբ երիտասարդ ընկերը նկատողություն է արել, նրանք իրենց սկսել են ագրեսիվ պահել։
Մինչ երկու չարագործներ բռնել էին տղային՝ մնացածները հերթով բռնաբարում էին նրա ընկերուհուն։ Հետո նրանք դուրս են շպրտել զույգին մեքենայից՝ արագ ընթացքի ժամանակ։ Գետնին ընկնելուց հատկապես վնասվել է աղջիկը։ Շարժվելու ուժ չունեցող երիտասարդներին հայտնաբերել են մասնավոր պահակային պարեկները։ Պահակները դեպքի վայր են կանչել բժիշկներին եւ ոստիկաններին։
Ապագա ֆիզոթերապեւտ աղջկա մոտ ախտորոշվել են սեռական օրգանների լուրջ վնասվածքներ, բազմաթիվ կոտրվածքներ եւ բութ գործիքով գլխի հատվածում հարվածից ստացած գանգուղեղային վնասվածք։ Նա ճգնաժամային վիճակում է գտնվում։ Նրա ընկերը եւս գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է «Վեստ.ռու»-ն։
Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել վարորդին եւ բռնաբարողների մի մասին՝ վարորդի եղբորը եւ հավաքարարին։ Վերջիվերջո քննիչները պարզել են, որ ավտոբուսում գտնվել են 6 չարագործներ։ Եւս երեք հոգի փնտրվում են, կազմվել են նրանց ուրվանկարները։





























