Իրանում դատարանի առջեւ են կանգնել ընդդիմության եւս 16 ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են 2009-ի հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի գործողություններին: Նրանցից 5-ը մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, որոնք «շարիաթի» օրենքներով համարվում են «պատերազմ Աստծո դեմ»: Մյուս ամբաստանյալները մեղադրվում են ազգային անվտանգությանը վնաս հասցնելու եւ հասարակական կարգը խախտելու մեջ: Հաղորդում է RBC.ru-ն:

Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ փետրվարի 11-ին` Իսլամական հեղափոխության տարդարձի օրը, ընդդիմությունը ոչ մի ակցիա չկազմակերպի:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը համարում է, որ 2009-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են՝ հօգուտ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի: Նրա հիմնական մրցակից Միրհոսեյն Մուսավին եւ նրա կողմնակիցները պահանջում են չեղյալ համարել ընտրության արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ:

Այդ բողոքի գործողությունների ժամանակ Իրանում սպանվել էր 27 հոգի: Մի քանի օր առաջ ընդդիմության հանրահավաքներին մասնակցածներից երկու հոգու նկատմամբ մահապատիժ է կիրառվել, եւս 11 հոգի սպասում են իրենց դատավճռին:

Նշենք, որ այդ ակցիաների ժամանակ ավելի քան 4 հազար մարդ ձերբակալվել էր, որոնցից մոտ 150 հոգի, այդ թվում՝ Իրանի բարեփոխիչների ճամբարի հայտնի ներկայացուցիչներ, կանգնել են դատարանի առաջ: Որոշ գործեր դեռ չեն ավարտվել: