Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիային միացնող Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգծի շինարարությանն առնչվող որոշ հարցեր ունի եւ մտադիր է Բաքու կատարելիք այցի ժամանակ այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը, ասել է Իվանիշվիլին «Ռեզոնանսի» թերթի հետ զրույցում:
Վարչապետը նաեւ նշել է, որ Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքը «համագործակցության եւ ճիշտ օգտագործման կարիք ունի»: «Մենք շատ ժամանակ ենք ծախսում այդ հարցի վրա: Այդ նպատակին է ծառայում Ադրբեջան իմ այցը: Ես նաեւ նախատեսում եմ այցելել Հայաստան եւ Թուրքիա», - հայտարարել է նա, հաղորդում է Civil.Ge-ն:
Ի պատասխան վարչապետի հայտարարության՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգծի շինարարությունից հրաժարվելը Վրաստանին Ռուսաստանի գերին կդարձնի: Նա նաեւ մտահոգություն է հայտնել ռուսական էլեկտրաէներգիային ամբողջական անցում կատարելու կապակցությամբ, որը, ըստ նրա, Վրաստանի էներգետիկական անկախության համար սպառնալիք է ստեղծում:





























