Հայաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետը` 45-ամյա Հ.Հ.-ն  վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից 100 դոլար կաշառք է պահանջել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 45-ամյա  Հ.Հ.-ն 2008թ. մարտից մինչեւ 2011 թվականի հուլիսն աշխատելով Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս եւ 2011թ. հուլիսից մինչեւ 2012թ. սեպտեմբերի 9-ը հանդիսանալով ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ՝ պաշտոնատար անձ, գործելով պաշտոնական լիազորությունների շրջանակներում, շահադիտական դրդումներից ելնելով կաշառք է պահանջել: Մասնավորապես  «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգ»–ի պահանջների խախտմամբ՝ առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու եւ պատասխան ստանալու, Թուրքիայից Հայաստան վերադարձող եւ անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին 1-2 օրվա րնթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար՝ Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական՝ Ա. Օ-ի եւ Վրաստանի Բաթումի քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի՝ Ն .Ղ-ից միջնորդությամբ եւ օժանդակությամբ, վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, որպես կաշառք պահանջել եւ ստացել է 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:

Քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը:Սույն հոդվածը  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  300-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: