Ոմն Աքպեր Հասանով , որն իրեն վերլուծաբանի որակներ է վերագրել, հանդես է եկել հերթական հոդվածով: Ո՞րն է հեղինակի նպատակը: «Ապացուցել, որ հայերը ժառանգական ատելություն են տածում Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ, ուզում են Մեծ Հայաստան ստեղծել` Թուրքիայի եւ Ադրբեջանի հողերի հաշվին եւ դրան փորձում են հասնել ահաբեկչության ճանապարհով»:
Հասանովը թվարկում է «հայկական ահաբեկչության զոհերին»` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկի, Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշա, Թուրքիայի նախկին մեծ վեզիր` վարչապետ Սայիդ Հալիմ փաշա, Տրապիզոնի նախկին վալի Ջեմալ Ազմի եւ «Թաշքիլեթի մահսուսի» կոմիտեի հիմնադիր Բեհաեդդին Շաքիր, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջեւանշիր, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշա:
Ցանկության դեպքում Հասանովը կարող էր ավելացնել նաեւ Էնվերի անունը, որը նույնպես հայի ձեռքով է սպանվել, բայց չի անում, քանի որ Էնվերը սպանվել է որպես բասմաչական հակահեղափոխության պարագլուխ. այդ դեպքում հեղինակի կառուցած «տեսությունը» կփլվեր: Չէ՞ որ նա հիշյալ մարդկանց ներկայացնում է որպես անմեղ հրեշտակների, որոնք դարձել են «հայ ահաբեկիչների զոհը»:
Նա, իհարկե, քաջ գիտի, որ երիտթուրքական կառավարության նախկին անդամները եւ «Թաշքիլեթի մահսուսի»-ի հիմնադիրը ոչ թե «հակաթուրքականության զոհեր» են , այլ` Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ, որի համար էլ պատժվել են հայ վրիժառուների կողմից: Իսկ վրիժառությունը չէր լինի, եթե նրանք հայ ժողովրդի եւ մարդկության դեմ ծանրագույն հանցանք գործած չլինեին: Եւ նաեւ` ազգային վրիժառության անհրաժեշտություն չէր ծագի, եթե երիտթուրք հանցագործներն արժանի պատիժ ստանային իրենց երկրում, իրենց երկրի օրենքներով: Դա չի արվել: Ավելին, նրանց հաջողվել է խույս տալ Կոստանդնուպոլսի ռազմական դատարանից եւ ապաստան գտնել արտերկրում: Հասանովը նշում է, թե որտեղ են սպանվել երիտթուրք հանցագործները` Բեռլինում, Թիֆլիսում, Հռոմում… Իսկ ի՞նչ էին անում նրանք այդ քաղաքներում, ինչու՞ էին լքել իրենց հայրենիքը: Լքել էին, որովհետեւ այնտեղ չէին կարող ապրել, հետապնդվում էին ռազմական դատարանի կողմից:
Ռազմական հանցագործին պատժելը բոլորովին էլ ահաբեկչություն չէ, այլ արդարադատության առաջ մարդկային պարտքի կատարում:
Իսկ որ այդ պարտքը պիտի կատարեին ցեղասպանություն վերապրած մարդիկ, ում հարազատները դարձել էին երիտթուրքական կառավարության հանցավոր արարքի զոհը, նույնքան բնական է, որքան եւ այն, որ 1918թ. սեպտեմբերին Բաքվում եւ 1920թ. Շուշիում կազմակերպված սպանդի համար պատասխան պիտի տային Ադրբեջանի «դեմոկրատական» հանրապետության վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին եւ ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջեւանշիրը: Ուրիշ ումի՞ց պիտի վրեժ առներ հայությունը, եթե ոչ` ցեղասպանության կազմակերպիչներից: Մանավանդ որ, կրկնենք, նրանց հաջողվել էր խուսափել արդարադատությունից:
Հասանովը մի նենգամիտ ակնարկ էլ է անում` անցյալ դարասկզբի վրիժառությունը շաղկապելով «Խոջալուի ցեղասպանության» հետ: Այս դեպքում հեղինակին կարելի է միայն խորհուրդ տալ, որպեսզի դիմի իր երկրի իշխանություններին եւ բացատրություն պահանջի. «Եթե ամեն ինչ այդքան պարզ եւ միանշանակ է, ապա ինչու՞ խորհրդարանի` Խոջաալուի դեպքերի առթիվ ստեղծված հատուկ հանձնաժողովը 18 տարի է` լռում է եւ չի հրապարակում ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը»: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Խոջալուի խաղաղ բնակիչներին Աղդամի մատույցներում իրենք` ադրբեջանցիներն են դաժանորեն գնդակահարե՞լ: Իսկ եթե … Նման մի երկչոտ հարցադրում արեց լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը եւ հիմա գտնվում է բանտում: Եւ դեռ երկար կմնա, քանի որ Ադրբեջանում անգամ կեսբերան ճշմարտություն ասելն է պատժվում ազատազրկմամբ:
Ինչ վերաբերում է «Մեծ Հայաստան ստեղծելու մասին» Հասանովի ճամարտակություններին, ապա ավելորդ չենք համարում նրա ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ տառացիորեն մի քանի օր առաջ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է խոսել իր երկրի «տարածքային կորուստների» մասին` ակնհայտորեն նկատել տալով, որ Ադրբեջանը «19 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունի Հայաստանում եւ 9 հազարը` Վրաստանում»: Էլ չենք խոսում այն մասին, որ Բաքվում մշտարթուն երազում են «երկու Ադրբեջանների վերամիավորման» շուրջ` հավակնելով Իրանի իսլամական հանրապետության հյուսիսային նահանգներին:
Վահրամ Աթանեսյան




























