«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացնելու գործարար Խաչիկ Խաչատրյանի դեմ` օրաթերթի լրագրողին վիրավորելու եւ նրա հասցեին հայհոյախառն արտահայտություններ անելու համար:
«Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան:
«Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացրել է Խաչիկ Խաչատրյանը:
Օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Եթե «պրաստիտուտկաների» մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք, 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո, նրա հետ կհանդիպենք դատարանում»:




























