Շուրջ 46 հազար մարդ Սպիտակ տանը (ԱՄՆ) կոչ են արել վերանայել «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ազգանունները:  Խնդրագիրը տեղադրված է ԱՄՆ-ի Սպիտակ տան վեբ կայքում: Ստորագրածների մեծ մասը ռուսախոս են:

Ըստ ստորագրողների` օրենսդիրները վտանգի տակ են դրել  հազարավոր ռուս որբերի կյանքն ու բարեկեցությունը, որոնցից շատերը, որոնք  հիվանդ են կամ հաշմանդամ,  զրկվում են ողջ մնալու հնարավորությունից, եթե միջազգային որդեգրման  արգելքն ուժի մեջ մտնի:

Միջնորդությունը կոչ է անում բացահայտել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են այդ բանաձեւի ընդունման համար, եւ նրանց ընդգրկել «Մագնիտսկու ցուցակում», հայտնում է  «ԱիՖ»-ը:

Այդ խնդրագրին զուգահեռ Սպիտակ տան վեբ կայքում կիրակի երեկոյան մի այլ խնդրագիր է  տեղադրվել, որն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին կոչ է անում «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին, եթե նա ստորագրի  «Դիմա Յակովլեւի օրենքը»:

Ներկայումս խնդրագիրը ստորագրել է 22 հազար մարդ: Որպեսզի դիմումն իշխանությունները վերանայեն, անհրաժեշտ է 25 հազար ստորագրություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել էր «Դիմա Յակովլեւի օրենքը», որը  համարվում է պատասխան քայլ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի սենատորների կողմից ընդունած «Մագնիտսկու օրենքին»:

Պատգամավորները որոշել են օրենքի ուժը տարածել այն երկրների  վրա, որտեղ խախտվում են ռուս քաղաքացիների իրավունքները:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Սենատը ընդունել էր «Մագնիտսկու օրենքը», որն արգելում է երկիր Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, որոնք մասնակցել են բանտում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը:  «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկվել են ավելի քան 60 ռուս պաշտոնյաներ եւ ոստիկանության, դատախազության եւ դատական համակարգի աշխատակիցներ: