Երեւանի ավագանում ՀԱԿ-ի խմբակցության անդամ Ռուբեն Թորոսյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարին, ԵԽ գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցչին, Եվրոհանձնաժողովի հայաստանյան Պատվիրակության ղեկավարին ու ՀՀ-ում գործող դեսպաններին, որտեղ անդրադառնում է «Երեւանի քաղաքապետի ապօրինություններին»:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
« Եվրոպական կառույցների անմիջական երաշխավորությամբ եւ գովասանքով մշակվեց ՀՀ Սահմանադրական փոփոխություններն, այդ թվում, դրանց հիմնական նպատակներից մեկի՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու մասին: Սակայն, առ այսօր այդ կառույցներից ոչ մեկը չի անդրադարձել վերջիններիս գործունեությանը, ինչն անկասկած ոգեւորում է Երեւանի քաղաքապետին իր ապօրինությունների իրականացման գործում, մասնավորապես՝
1. հնարավորություն է տվել, որ երեք տարի շարունակ Ավագանին գործի առանց ՀԱԿ խմբակցության, որն անգամ չի նշվել Ավագանու կազմում,
2. ՀԱԿ խմբակցությանը թույլ չի տալիս ձեւավորվել, այդ թվում, հանձնաժողովներում անդամներ ունենալ,
3. թույլ չի տալիս անգամ, որ խմբակցությունը մամուլի ասուլիսներ անցկացնի,
4. ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված ոչ մի նախաձեռնություն քննարկման չի ընդունում, ինչպես նաեւ, գրավոր հարցերին պաշտոնական պատասխան չի տալիս,
5. մասնավորապես, Ավագանու վաղվա նիստի օրակարգում չի ընդգրկել մեր նախաձեռնությունները քաղաքապետի կողմից Ավագանու լիազորությունների յուրացման, Երեւանի բյուջեի նախագծի եւ Երեւանի զարգացման 2013 ծրագրի մասին:
Մենք դատապարտում ենք Երեւանի քաղաքապետի ապօրինի այս գործունեությունը, որն էական վնաս է հասցնում նաեւ Հայաստանի տեղական ինքնակառավարմանը:
Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ այս խնդրում իրենց սկսած գործը կիսատ չեն թողնի համապատասխան եվրոկառույցները»:




























