Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հարավային մասում այսօր՝ հունվարի 2-ին երկաթուղու վրա պայթյուն է տեղի ունեցել։ Առավոտյան՝ տեղի ժամանակով 4։20-ին Բրոնեւայա եւ Լիգովո կայարանների միջակայքում, Բալթյան կայարանի մոտ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է գնացքի մեքենավարը, որի ոտքն է վնասվել։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ պայթյունի արդյունքում քանդվել է երկաթուղագիծը, եւ պայթյունի տեղում փոս է գոյացել։ Նախնական տվյալներով, պայթյունի ուժգնությունը համարժեք է եղել 200-400 գրամ տրոտիլի։
Միջադեպը հետաքննելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի մեջ ընդգրկվել են դատախազության, ոստիկանության եւ փրկարար ծառայության մասագետներ։
Տեղի ունեցած պատահարի հետեւանքով Սանկտ-Պետերբուրգի Բալթյան կայարանում գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։




























