Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, պաշտոններից ազատել է կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Մասնավորապես, խոսքը ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովի, ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի եւ ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի մասին է:
Ինչպես հայտնում է ՈւՆԻԱՆ-ը՝ պաշտոնից հեռացվել են նաեւ Էկոնոմիկայի եւ ածխաարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն եւ Էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարար Էդուարդ Ստավիցկին։ Նաեւ հեռացվել են առողջապահության նախարար-փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրեւան եւ պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինը։
Յանուկովիչը պաշտոններից հեռացրել է նաեւ Հարկային ծառայության ղեկավար Ակեքսանդր Կլիմենկոյին, մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակին եւ պետական բաժնետիրական իրավունքների եւ ունեցվածքի գծով պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովին։
Յանուկովիչը երկրի առաջին փոխվարչապետ է նշանակել Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Սերգեյ Արբուզովին, իսկ պաշտոնից ազատված էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյին եւ Դնեպրոպետրովսկի տարածքային վարչության ղեկավար Ալեքսանդր Վիլկուլին՝ փոխվարչապետներ։
Յանուկովիչը ֆինանսների նախարար է վերանշանակել Յուրի Կոլոբովին, իսկ էկոլոգիայի եւ ածխաարդյունաբերության նախարար է նշանակել բնապահպանության նախկին նախարար Էդուարդ Ստավիցկիին։ Նաեւ ձեւավորել է Ուկրաինայի եկամուտների եւ գանձումների նախարարությունը, Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարությունը եւ վերացրել է՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ուկրաինայի նախագահն իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ Լեոնիդ Կուժարին նշանակել է ԱԳ նախարար, Կոռոլեւսկային՝ սոցիալական քաղաքականության նախարար, Պավել Լեբեդեւին՝ պաշտպանության նախարար:
Յանուկովիչը վերանշանակել է հինգ նախարարների. Վիտալի Զախարչենկոյին՝ ՆԳ նախարար, Ռաիսա Բոգատիրեւային՝ առողջապահության նախարար, Ալեքսանդր Լավրինովիչին՝ արդարադատության նախարար, Դմիտրի Տաբաչնիկին՝ կրթության եւ գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար, Յուրի Կոլոբովին՝ ֆինանսների նախարար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Յանուկովիչն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլ Ազարովի եւ նրա հետ Նախարարական գրասենյակի ողջ անձնակազմի հրաժարականները։ Դեկտեմբերի 9-ին Յանուկովիչը վարչապետի պաշտոնի համար առաջարկել է Արբուզովի թեկնածությունը։ Դեկտեմբերի 12-ին գումարված 7-րդ Գերագույն ռադայի առաջին նիստում տեղի է ունեցել Ազարովի երդմնակալությունը, որպես ժողովրդական պատգամավոր, իսկ դեկտեմբերի 13-ի նիստի ժամանակ խորհրդարանը իր համաձայնությունն է տվել՝ նրան վարչապետ նշանակելու հարցում։




























