Աֆղանստանում ամերիկացիների հետ կապված երկու միջադեպ է տեղի ունեցել. ամերիկյան զորքերի  ծառայողներից մեկն սպանվել է տեղացի կին ոստիկանի կողմից, երկրորդն ինքնասպան է եղել: 

Առաջին միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին` Քաբուլի ոստիկանության գրասենյակում: Դեռեւս հայտնի չէ` սպանությունն արդյոք կանխամտածված է եղել, թե պատահական:

Քաբուլի քրեական  ոստիկանության գերատեսչության ղեկավար Մոհամադ Զահիրը դեպքնն անվանել է «ինսայդերական հարձակում»: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները եւս հաստատել են, որ  զոհված ամերիկացի հրահանգիչը սպանվել էր աֆղանական ոստիկանության աշխատակցուհու հարձակման հետեւանքով, հաղորդում է  Reuters-ը:

Նշենք, որ այս  տարի նմանատիպ հարձակումներից արդեն սպանվել է ՆԱՏՕ-ի  52 զինծառայող: Սակայն, հնարավոր է, սա առաջին դեպքն է, երբ հարձակման հեղինակը կին է, հայտնում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն եւս մեկ կորուստ էր ունեցել` դեկտեմբերի 22-ին: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վերնախավային հատուկ ստորաբաժանման  հրամանատար 42-ամյա Ջոբ Փրայսին մահացած էին գտել Աֆղանստանի Ուրուզգան նահանգի իր բնակարանում: Այս պահին մահվան հիմնական վարկածն ինքնասպանությունն է: