Հյուսիսային Կորեայում (ԿԺԴՀ), այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ է սահմանվել, որը նվիրված է նրա՝ Կորեայի ազգային բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի կոչում ստանալու 21-ամյակին։ Այն կշնորհվի քաղաքականության բնագավառի համաշխարհային գործիչներին, հասարակական եւ գիտական գործիչներին, ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։
Մրցանակի հաղթողներին՝ «իրենց երկրի եւ ժողովրդի անկախության պայքարում մեծ ներդրում ունեցող»-ներին, ընտրելու համար ստեղծվել է հատուկ խորհուրդ, որի մեջ ընդգրկվել են նշանավոր հասարակական եւ քաղաքական գործիչներ, գիտնականներ։ Խորհուրդը կգործի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պարգեւի՝ ոսկե շքանշանի, գավաթի եւ դիպլոմի շնորհումը կկայանա Կիմ Չեն Իրի ծննդյան օրը՝ փետրվարի 16-ին։ Այդ օրը ԿԺԴՀ-ում հայտարարված է ազգային տոն՝ «Փայլող աստղի օրը»։
ԿԺԴՀ նախկին առաջնորդը վախճանվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 69 տարեկան հասակում։ 1994 թվականին նա իշխանությունը ժառանգել է հորից՝ Կիմ Իր Սենից՝ «Չուչհե» ուսմունքի հիմնադրից, որը ենթադրում է հենվել սեփական ուժերի վրա։ Կիմ Չեն Իրի մահից հետո կուսակցության եւ երկրի առաջնորդ է դարձել նրա որդին՝ Կիմ Չեն Ընը։




























