Այցով Հնդկաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իշխանությունների հետ հանդիպումներ է ունենում ոչ թե Հայդերաբադի պալատում, ինչպես նախապես ծրագրված էր, այլ վարչապետ Մանմոհան Սինգհի նստավայրում: Դա պայմանավորված է Նյու Դելիի անհանգիստ վիճակով: 

The Times of India-ն հայտնում է, որ բողոքողները շրջապատել են Հայդերաբադի պալատը:

Հիշեցնենք, Հնդկաստանի մայրաքաղաքում զանգվածային ցույցերը սկսել էին ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարության դեպքից հետո:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան էր մեկնել դեկտեմբերի 23-ին, նրա այցի աշխատանքային ծրագիրն սկսվել է դեկտեմբերի 24-ին:

Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնը դեկտեմբերի 24-ին գրեթե փակվել է, արդեն երկրորդ օրն է` դեպի նախագահական նստավայր, կառավարական շենքեր բոլոր մուտքերը փակ են: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ, որոնք  գտնվում են գլխավոր  կառավարական շինությունների անմիջական հարեւանությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Հնդկաստան այցի ընթացքում Պուտինը նախատեսում է  ռազմատեխնիկական բնագավառում մի քանի խոշոր պայմանագրեր ստորագրել: 

«Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտ»-ին մոտ կանգնած անանուն աղբյուրին, գրում է, որ  այցի ընթաքում կհայտարարվի ՍՈՒ-30 ՄԿԻ 42 կործանիչի արտոնված կառուցման համար տեխնոլոգիական համալիրների (1,6 միլիարդ դոլարի պայմանագիր) եւ մի քանի տասնյակ ռազմական ՄԻ 17 Բ-15 ուղղաթիռների (1 միլիարդ դոլարի պայմանագիր) առաքման մասին:

Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նույնպես հայտնում է ՍՈՒ-30 ՄԿԻ-ի արտոնված արտադրության մասին պայմանագրի վերաբերյալ: Ըստ որոշ տվյալների` պայմանագրի արժեքը կարող է կազմել մինչեւ հինգ միլիարդ դոլար: Եթե այդ բոլոր պայմանագրերը կնքվեն, ապա նրանց ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 7,5 միլիարդ դոլար: