Գյուղացիական տնտեսությունների վարկավորման սուբսիդավորման ծրագիրը 2012 թ. հաջողվել է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2013-ի ամռանը:
Ս. Գիշյանի խոսքով՝ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» ընթացիկ վարկային պորտֆելը 160 մլրդ դրամ է, որի մոտ 30%-ը գյուղատնտեսական վարկեր են: «Հայ գյուղացիները վճարունակ են, շատ քիչ են անվճարունակները, 1տոկոսից էլ պակաս»,- ասաց Ս. Գիշյանը: Նա համոզմունք հայտնեց, որ 2013 թ. գյուղատնտեսության վարկային պորտֆելը կընդլայնվի՝ անկախ կառավարության կողմից այն սուբսիդավորելու ծրագրի:
Նշենք, որ 2012 թ. ՀՀ պետական բյուջեից 578 մլն դրամ է հատկացվել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նպատակով: Նախատեսվում է 2013 թ. հատկացնել 634.5 մլն դրամ:
Այս ծրագրով ֆինանսավորվում են եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ նախատեսվում է սուբսիդավորել բանկերի կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի տոկոսադրույքները 4-6 տոկոսի չափով:





























